«Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլ
Սայաթ-Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլը ստեղծվել է 1927 թվականին երգիչ Շարա Տալյանի կողմից։
1942-1972 թվականներին անսամբլը ղեկավարել է ՀՀ ժողովրդական արտիստ Վաղարշակ Սահակյանը։ 1972 թվականին անսամբլը դադարեցրել է գործունեությունը։ 1992 թվականին Թովմաս Պողոսյանն իր շուրջն է համախմբել մի խումբ արհեստավարժ երգիչների ու երաժիշտների և վերստեղծել անսամբլը։
Անսամբլի երգացանկն ընդգրկում է տարբեր ժամանակների ստեղծագործող աշուղների շուրջ 400 և ավելի երգեր։ 2005 թվականին անսամբլի երգացանկը համալրվել է իրանահայ (փերիահայ) աշուղների 24 ստեղծագործություններով, որոնց հիմնական մասն ունկնդրին անհայտ է եղել։ Բացի համերգը, նույն ծրագիրը թողարկվել է ԱՄՆ-ում՝ ձայնասկավառակով (CD) և տեսասկավառակներով (DVD): Ձայնագրվել և թողարկվել են նաև Սայաթ Նովայի 31 ստեղծագործություններ` 2 ձայնասկավառակով։
ԱՄՆ-ում Սայաթ-Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլի կատարմամբ թողարկվել է «Հայ աշուղների ազգային հայրենասիրական երգեր» ձայնասկավառակը։ Սայաթ-Նովա անսամբլը համերգներով հանդես է եկել Հայաստանի և սփյուռքի տարբեր բնակավայրերում` Ռուսաստան, Վրաստան, Իրան, Սիրիա, Լիբանան[1], ԱՄՆ և այլուր։ 2012 թվականին Սայաթ Նովայի ծննդյան 300-ամյա հոբելյանի կապակցությամբ անսամբլը բարեգործական համերգներով հանդես է եկել Արցախում։
Անսամբլի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը, գործիքային մասի ղեկավարը ՀՀ վաստակավոր արտիստ Վարդան Բաղդասարյանն է։


